Նպաստենք համընդհանուր անվտանգությանը:
Նպատակ: 345,000 AMD
1
2
Նվիրաբերողների Ցանկ
«Առաջին օգնություն» նախագծի շրջանակում կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների դասավանդում՝ 16-18 տարեկան պատանիների համար, երեք համայնքներում՝ ք. Աշտարակ, ք. Չարենցավան, գ. Փոքր Մասրիկ:
Մինչ օրս մեր երկրի քաղաքացիական պաշտպանության խնդիրներից մեկն է բնակչության լայն զանգվածների շրջանում առաջին օգնության վերաբերյալ գիտելիքների և հմտությունների բացակայությունը: Հայաստանում հաճախակի են երկրաշարժները, շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ ավարտվում են զոհերով: Արտակարգ իրավիճակներում և դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնությունը էական դեր է խաղում մարդկային կյանքեր փրկելու գործում: Նման իրավիճակներում օգնություն ցուցաբերելու հմտությունների և կարողությունների բացակայությունը հաճախ հանգեցնում է վիրավորների մահվան՝ մինչև շտապօգնության ժամանումը: Պատերազմի ժամանակ մահացածների և վիրավորների թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե ժամանակին ցուցաբերվեր համապատասխան առաջին օգնություն կամ ինքնօգնություն:
Մեր նպատակն է նպաստել դ��մացկուն սերունդ ձևավորելուն, որը կկարողանա համապատասխանաբար արձագանքել վաղվա ճգնաժամերին՝ բնական աղետներից մինչև մարդածին վթարներ: Ուստի, «ՈԱՄ» ՀԿ-ն՝ մեր երկրի տարբեր համայնքներում, 16-18 տարեկան պատանիների համար կազմակերպում է «Առաջին օգնություն» գործնական պարապմունքների արտադասարանական դասընթացներ: Դասընթացը հնարավորություն կտա պատանիներին ձեռք բերել անհրաժեշտ գործնական գիտելիքներ և ձևավորել առաջին օգնության հմտություններ, մասնավորապես.
Դասընթացը ներառում է 24 պարապմունք: Յուրաքանչյուր դասընթացի մասնակիցների թիվը կազմում է 15-ից մինչև 20 հոգի: Դասընթացի մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:
Նախագծի առաջին փուլում կկազմակերպվի դասընթացներ երեք համայնքներում՝ ք. Աշտարակ, ք. Չարենցավան, գ. Փոքրիկ Մասրիկ: Դրամահավաքի միջոցները կուղղվեն հրահանգիչների ժամավճարի և, ըստ անհրաժեշտության, ճանապարհածախսի փոխհատուցմանը:
Նպատակ 1 - 130 000 AMD (ք. Աշտարակ, ք. Չարենցավան)
Նպատակ 2 - 215 000 AMD (գ. Փոքր Մասրիկ)
Յուրաքանչյուր խմբի (20 հոգի) ուսուցման համար անհրաժեշտ առաջին օգնության ուսուցողական պարագաները տրամադրվում է «ՈԱՄ» ՀԿ-ի կողմից:
«Որոնողափրկարարական ակումբների միություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2021թ.: Մեր առաքելությունն է օգնել ձևավորել հասարակություն, որտեղ մարդիկ պատրաստ են արտակարգ իրավիճակներին և տիրապետում են առաջին օգնության հմտություններին: Մենք տրամադրում ենք գիտելիքներ և փորձ, որոնք սովորական քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ են դարձնում, հնարավորություն են տալիս պատրաստվել և ճիշտ կողմնորոշվել ցանկացած ճգնաժամի ժամանակ: Մեր նպատակն է նպաստել համընդհանուր անվտանգությանը, ամրապնդել պետության և հասարակության կապը:
Մայիսի վերջին ավարտեցինք «Առաջին օգնություն» դասընթացը՝ ծրագրով նախատեսված երեք համայնքներում։ Արդյունքում Չարենցավանի, Աշտարակի և Փոքր Մասրիկի 16–18 տարեկան 45 պատանիներ ձեռք բերեցին առաջին օգնության կայուն հմտություններ։
Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են նախնական բյուջեով նախատեսված ծախսերի որոշակի փոփոխություններ։
Բյուջեի կատարում
Նպատակ 1 — 130 000 դրամ (ք. Աշտարակ, ք. Չարենցավան)
Նպատակ 2 — 175 000 դրամ (գ. Փոքր Մասրիկ)
Դրամահավաքի շնորհիվ անհրաժեշտ 305 000 դրամից հավաքագրվել է 220 000 դրամ։ Մնացած 85 000 դրամը տրամադրվել է «ՈԱՄ» ՀԿ-ի կողմից։
Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանի սաների համար կազմակերպված «Առաջին օգնություն» դասընթ��ցը հաջողությամբ ավարտվեց աշակերտների ակտիվ մասնակցությամբ և մեծ հետաքրքրվածությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին առաջին օգնության կարևոր գիտելիքներ և հմտություններ՝ ներառյալ արտակարգ իրավիճակներում արձագանքելը, վերքերի մշակումը, սթրեսային իրավիճակներում հանգիստ գործելը:
Դասընթացն ավարտվեց եզրափակիչ գործնական վարժանքով, որի ընթացքում աշակերտները կիրառեցին ստացած գիտելիքները իրական իրավիճակներին մոտ սցենարներում: Վարժանքը ցույց տվեց մասնակիցների ինքնավստահության, թիմային աշխատանքի, արագ կողմնորոշվելու և գործնական հմտությունների զգալի առաջընթաց: Ընդհանուր առմամբ, ծրագիրը դարձավ արդյունավետ և օգտակար փորձառություն՝ նպաստելով պատանիների կյանքի փրկությանը միտված գիտելիքների և պատասխանատվության զգացման զարգացմանը:
«Առաջին օգնություն» նախագծի շրջանակում, եռամսյա դասընթացները սկսել ենք նաև Փոքր Մասրիկ սահմանային գյուղի պատանիների համար: Մեզ համար հատկապես կարևոր է ունենալ հնարավորություն՝ սովորեցնելու առաջին օգնության հմտությունները սահմանային գյուղերի պատանիներին:
Ավարտին է մոտենում Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանի սաների համար կազմակերպված «Առաջին օգնություն» դասընթացը: Դասընթացների մասնակիցները սովորել են հմտորեն վիրակապել, դադարեցնել արյունահոսությունը, ցուցաբերել առաջին օգնություն անգիտակից տուժածներին, կիրառել պատգարակ և տարհանել: Նախատեսվում է դասընթացների ավարտին կազմակերպել ամփոփիչ վարժանք:
Սիրելի աջակիցներ, ուրախ ենք տեղեկացնելու, որ «Առաջին օգնություն» նախագիծը արդեն գտնվում է իր գործարկման փուլում: Ձեր աջակցության շնորհիվ Չարենցավան և Աշտարակ քաղաքների 16-18 տարեկան պատանիներ ստացան հնարավորություն` ձեռք բերելու անհրաժեշտ գործնական գիտելիքներ և ձևավորել առաջին օգնության հմտություններ:
Ք. Չարենցավան
«Առաջին օգնություն» եռամսյա դասընթացին հնարավորություն ունեցան մասնակցելու Չարենցավանի ավագ դպրոցի 21 աշակերտներ: Դասընթացների ավարտը ամփոփեցինք դեկտեմբերի 12-ին՝ ավարտական վարժանքով:
Վարժանքի ժամանակ պատանիները ցուցադրեցին դասընթացների ընթացքում ձեռք բերված իրենց գիտելիքները և գործնական հմտությունները տարբեր արտակարգ իրավիճակներում՝ վթար, փլատակներ, կոտրվածքներ, հրազենային վերքեր: Մասնակիցները հմտորեն կարողացան գնահատել վտանգի գոտին` ապահովելով սեփական անվտանգությունը` ցուցաբերել անհրաժեշտ առաջին օգնությունը տուժածներին: Մասնավորապես. զննել տուժածներին, կանգնեցնել արյունահոսությունը, վիրակապել, վերականգնել գիտակցությունը, կազմակարպել տարհանումը` օգտագործելով առաջին օգնության համար նախատեսված պարագաները, բացակայության դեպքում` փոխարինելով ձեռքի տակ եղած այլընտրանքային միջոցներով:
Միջոցառմանը ներկա էին «ՈԱՄ» ՀԿ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրենը, ՆԶՊ առարկայի ուսուցիչը, բուժքույրը, այլ ուսուցիչներ: Դասընթացի մասնակիցներն ստացան «Առաջին օգնություն» դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագրեր: Դպրոցի տնօրինության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն` շարունակել համագործակցությունը և տարվա ընթացքում պարբերաբար անցկացնել վարժանքներ՝ ձեռք բերված գիտելիքները ամրապնդելու և թարմացնելու նպատակով:
Ք. Աշտարակ
«Առաջին օգնություն» եռամսյա դասընթացներ ենք կազմակերպել Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանի սաների համար: Դասընթացները ընթացքում են, կավարտվեն մարտ ամսին:
Նպաստենք համընդհանուր անվտանգությանը:
Նպատակ: 345,000 AMD
1
2
Նվիրաբերողների Ցանկ